Հնգ. Հլս 18th, 2019

Styleinfo

style news

Ես տիտղոսներ շատ եմ նվաճել, բայց դրանցից ոչ մեկը չեմ կարող համեմատել որդուս հետ. Արթուր Աբրահամ

 Հայրեր և որդիներ թեման մշտապես արդիական է եղել, բոլոր ժամանակներում գրվել, խոսվել ու քննարկվել է այն: Ի՞նչ է հայրությունը, ո՞րն է հոր դերը երեխայի կյանքում: Ընտանիքի նշանակությունը` ազգ, հայրենիք և պետություն գաղափարների ձևավորման մեջ: Ինչպե՞ս կրթել ոչ միայն լավ զավակ, այլև` լավ քաղաքացի: Այս հարցերի շուրջ զրուցել ենք հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ:

 Առաջին զգացումը, երբ առաջին անգամ գրկեցիք Ձեր փոքրիկին:

-Հուզված էի, ուրախ, երջանիկ: Շատ փոքրիկ տղաս մեծ երջանկություն էր, աննկարագրելի մեծ սեր և գիտակցում, որ այդ երջանկությունն ու սերը միշտ ուղեկցելու են ինձ:

Ի՞նչ է նշանակում հայր լինել, ինչպե՞ս կբնորոշեք այդ զգացումը:

-Դա աննկարագրելի հաճելի և պարտավորեցնող զգացում է, գիտակցում ես, որ կյանքդ անիմաստ չես ապրում, որ ժառանգ ունես, ում պետք է պահես, մեծացնես, կրթության տաս, սովորեցնես կյանքի դժվարությունները հաղթահարել և ազնիվ, գեղեցիկ ապրել:

Հայր լինելն ամենաերջանիկ և միևնույն ժամանակ ամենապատասխանատու զգացումն է. այն կարող եք կյանքի  կարևոր տիտղոսը համարել:

-Անշուշտ: Ես տիտղոսներ շատ եմ նվաճել, բայց դրանցից ոչ մեկը չեմ կարող համեմատել որդուս հետ: Տարբեր բաներ են, հայր լինելը, զավակ ունենալը մեծ ուրախություն է, մեծ սեր է:

Աշխատանքի բերումով կարողանո՞ւմ եք ժամանակ հատկացնել ընտանիքին:

-Իհարկե: Ընտանիքն ինձ համար շատ կարևոր է, և ես, չնայած խիստ զբաղվածությանս, միևնույն է, ժամանակ գտնում եմ ընտանիքի համար:

Սովորաբար ի՞նչիպիսի հանգիստ եք նախընտրում ընտանիքի համար:

-Հանգիստ, առողջարար, հաճելի, գեղեցիկ…

Որո՞նք են խաղերը կամ զբաղմունքները, որոնցով ժամանակ եք անցկացնում Ձեր բալիկի հետ:

-Ես զբոսնում եմ որդուս հետ, երեխային հաճելի վայրեր ենք այցելում, նրա հետ խաղում եմ…

Հոր դերը երեխաների դաստիարակության հարցում որքա՞ն տոկոսն է կազմում. ինչպիսի՞ հատկանիշներ է ձևավորում երեխայի մեջ հոր կերպարը:

-Հայրը օրինակ է զավակի համար: Պատահական չի ասվում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Դու չես կարող, օրինակ, լինել հարբեցող, բայց քո որդուն սովորեցնել, որ ալկոհոլը վատ բան է: Նա մի օր կարող է կրկնել քեզ: Ի՞նչ տեսնի, դա էլ սովորելու է:

-Ո՞րն է ընտանիքի և պետության միջև եղած կապն՝ ըստ ձեզ:

— Կայուն պետություն ձևավորելու հարցում ամենամեծ դերը հենց ընտանիքինն է, ամուր ընտանիքը ամուր պետության հիմքն է:

 

 

Նյութը վերահրապարակվում է առանց խմբագրման

Այն առաջին անգամ հրատարակվել է  2017 թվականին

Աղբյուրը՝ Վարդիթեր Գիշյանի աշխատանքային պահոց